ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Էդուարդ Նալբանդյան. Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար

Էդուարդ Նալբանդյան. Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար
22.02.2018 | 16:57

Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է:


«Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, նիզակի ճոճում, թե՞ մեկ այլ բան: Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում. բազմիցս վերածվել է իրական գործողությունների»,- ասել է նա:
ԱԳ նախարարը մատնանշել է 2016-ի ապրիլյան պատերազմը՝ ասելով, որ Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց և տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։


«Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթնաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթնաժողովների պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք: Դա նախ և առաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը: Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տևողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնևում: Գագաթնաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարաեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթնաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, և վերջին նման հայտարարությունն արվեց ընդամենը մի քանի օր առաջ: «Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը: Կարևոր է, որ միջազգային հանրությունը համանախագահ երկրների հետ խոսի մեկ միասնական ձայնով՝ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված նրանց մոտեցումներին սատարելու համար: Բոլոր հակամարտությունները տարբեր են, և հնարավոր չէ դրանք միավորել կամ դրանց նկատմամբ նույն մոտեցումը որդեգրել։ Տարբեր հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային հանրությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, այդ թվում նախագահների մակարդակով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի 3 սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: 2009-ի դեկտեմբերին Աթենքի նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանը սատարել է այս սկզբունքներին իր մի շարք բանաձևերում: Նույն կերպ է վարվել Եվրամիությունը՝ ներառյալ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով: Սա այն է, ինչին հավանություն է տալիս ողջ միջազգային հանրությունը»,- ասել է ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ անկողմնակալ միջնորդների առաջարկած փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար: «Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին, չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը»,- եզրափակել է Նալբանդյանը:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ